Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | Հոգեկան առողջության ազգային կենտրոնի արդիականացման մեկնարկը

2022 թ. դեկտեմբերի 23-ին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կարևոր իրադարձություն էր՝ հիմնանորոգված և նոր սարքավորումներով հագեցված խոհանոցի ու սննդամթերքի պահեստի մեկնարկման արարողությունը:

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը տարիներ շարունակ ուշադրությունից դուրս է գտնվել,  խիստ անբավարար են եղել հիվանդանոցային պայմանները, խոհանոցի հագեցվածությունը։ Հիվանդների սնուցման և համապատասխան սննդով ապահովման հարցերը մշտապես անտեսվել են, այնինչ սնուցումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար ունի բուժական նշանակություն։

2021թվականին սկսվել են ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով ՀԱՊԱԿ-ի շենք-շինությունների հիմնանորոգման աշխատանքները, որոնց առաջին փուլում ընգրկվել է նաև խոհանոցային մասնաշենքը։ ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ Ծրագրին միացել է  «Ազնավուր» հիմնադրամը, որի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը՝ «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության, Ավագյան ընտանիքի և այլ բարեգործ-գործընկերների հետ իր ջանքերն է միավորել՝ օգնելու «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի արդիականացման ծրագիրը» կյանքի կոչելուն: Խոհանոցային մասնաշենքի հիմնանորոգումն առաջին քայլն էր:

Ներկայացնում ենք մեր զրույցը այս կարևոր գործը նախաձեռնողների և աջակից կառույցների ներկայացուցիչների հետ.

Սերգեյ Խաչատրյան, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն

Կենտրոնին կից խոհանոցը չափազանց անմխիթար վիճակում էր: 2019-ին կարողացել ենք մի փոքր հարդարման աշխատանքներ կատարել, բայց անհրաժեշտ պայմաններ ունենալու համար պետք էր այս ամենը քանդել և նորից կառուցել: Այդպես էլ եղավ. ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին խոհանոցային մասնաշենքը հիմնովին նորոգվել է, ինչը բերելու է խոհանոցի աշխատանքի բարելավմանը:

Վերանորոգման ժամանակ մնացել էին շենքի միայն պատերը, ներսից գրեթե նորից կառուցվել են, փոխվել են պատուհանները, տանիքը, վերանորոգվել է կիսանկուղային հարկի սննդային պահեստը, մեր գործընկերների շնորհիվ ամբողջը հագեցվել է անհրաժեշտ սարքերով և կահավորանքով: Անմասն չի մնացել նաև ՀԱՊԱԿ-ը՝ իր սեփական միջոցների հաշվին ձեռք բերելով անհրաժեշտ պարագաներ, գույք։

Շինարարական աշխատանքներին զուգահեռ, 2022թվականի ընթացքում  11 ամիս աշխատել ենք նաև սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ, և ունենք նոր սնուցման ուղեցույց, որը նշանակալիորեն փոխելու է նաև մեր ճաշացանկերը, սննդամթերքի կազմը և քանակները: «Ազնավուր» հիմնադրամի և այլ գործընկերների մեծահոգությամբ նվիրաբերվեցին մեծաթիվ սարքեր, գույք, որոնք որակապես այլ մակարդակի են բերելու սննդի պատրաստումը:

Այս հիմնարար բարեփոխումները լուրջ գործիք են, որը մենք օգտագործելու ենք մեր բուժառուների բուժման արդյունավետության բարձրացման համար:

Շենքի այլ հատվածների վերանորոգումը բարդ, փուլային գործընթաց է. հաջորդ փուլում կվերանորոգվի առաջին մասնաշենքը, որտեղ տեղակայված կլինեն երեք բուժական բաժանմունք՝ ամբողջությամբ նորացված ընդունարանը և ամբուլատոր ծառայությունը։ Կարծում եմ, հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին նույն մակարդակով դրանք ևս պատրաստ կլինեն:

Սկսել է ամբողջ հզորությամբ աշխատել արևային կայանը, որի շնորհիվ բավականին գումար է տնտեսվում: Այդ գումարը օգտագործվում է հիվանդներին ավելի պատշաճ պայմաններ ստեղծելու համար:

Արդյունքում փոխվել է ո՛չ միայն բժիշկների, ադմինիստրացիայի, խոհանոցի աշխատողների իրականությունը, այլ այն իր ազդեցությունն է թողել անմիջապես բուժառուների առողջության վրա, ինչը խիստ կարևոր է:

Այս ճանապարհով պետք է շարունակել գնալ․  պատշաճ պայմանների ստեղծումը պետք է դառնա նախապայման` բարձր որակյալ ծառայություններ մատուցելու համար:

Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար

ՀԱՊԱԿ-ի վերակառուցման մեր մեծ ծրագիրն այն կարևոր ուղղություններից է, որով հետևողականորեն առաջ ենք ընթանում: Արդեն ունենք առաջիկա 3-4 տարիների հստակ աշխատակարգը, թե ամեն տարի որ հատվածն ենք ավարտելու և հանձնելու շահագործման: Շատ հաճելի է, որ մի քանի տարբեր ծրագրերի շրջանակներում ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում մեր լավագույն գործընկեր «Ազնավուր» հիմնադրամի հետ: Երբ հայտնեցինք, որ պետությունը հանձն է առել այս ամբողջ համալիրը վերակառուցել, և նաև փնտրում ենք գործընկերներ, «Ազնավուր» հիմնադրամն անմիջապես արձագանքեց և լծվեց գործի: Շատ արագ գտավ նաև այլ գործընկերների, որոնց միջոցները, ուժերը, գումարները համախմբելով` կարողացանք իրականացնել նաև խոհանոցի կահավորման, նոր սարքերով, նոր գույքով հագեցնելու գործընթացը:

Կենցաղային պայմանները մեր բուժառուների բուժօգնության որակի համար ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման են: Եվ մեր առաջնահերթ խնդիրներից է նորմալ կենցաղային պայմանների ապահովումը, որտեղ մարդու արժանապատվությունը, բուժման գործընթացը կկազմակերպվեն լավագույն կերպով:

Մենք աշխատում ենք նաև բուժման մեթոդների, մարդկային պաշարի զարգացման վրա, և քայլ-քայլ Հայաստանում հոգեկան առողջության ամբողջ ոլորտը պետք է բարեփոխվի ու լինի առաջատարներից մեկը՝ հավասար այլ բուժական ծառայություններին` որակով, հասանելիությամբ, միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան:

Շնորհակալ ենք ամբողջ անձնակազմին, հիմնադրամին, մեր գործընկերներին, մեր այս թիմին, որի միասնական ջանքերի արդյունքում մեկ քայլ առաջ ենք այսօր, ունենք ուրախանալու, ոգևորվելու, էներգիայով լցվելու առիթ՝ հաջորդ փուլերին անցնելու համար:

Նիկոլա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր

Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և տեսնում եմ մեր հրաշալի համագործակցության արդյունքը: Դեռ երեկ հոգեկան առողջության թեման Հայաստանում տաբու էր, և դրա վկայությունն էր բոլոր հոգեկան առողջության կենտրոնների վիճակը: Բայց այսօր շատ մեծ քայլեր են կատարվել և կատարվում են հատկապես առողջապահության նախարարության ջանքերով, որպեսզի հաղթահարենք այդ տաբուն, և հոգեկան առողջության թեման դառնա կարևոր թեմաներից մեկը, քանի որ յուրաքանչյուր մարդ կյանքի որոշ փուլում հոգեկան առողջության հետ կապված տարբեր խնդիրներ կարող է ունենալ: Ըստ վիճակագրության, դա դիտվում է յուրաքանչյուր երկրորդ մարդու մոտ:

Որպեսզի այս ամբողջ աշխատանքը լինի երկարաժամկետ, «Ազնավուր» հիմնադրամը որոշել է միանալ առողջապահության նախարարության ծրագրին և օգնել արդիականացնելու հոգեկան առողջության կենտրոնը:

Առաջին և ամենակարևոր քայլն արդեն կատարել ենք՝ մեր հարգելի գործընկեր «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության օգնությամբ կարողացել ենք արդիականացնել խոհանոցային մասնաշենքը: Այսուհետ հիվանդանոցի մոտավորապես 400 բուժառու կկարողանա որակյալ սնունդ ստանալ:

Բայց սա դեռ ամենը չէ, մենք մեր այլ գործընկերների հետ կարողացել ենք 127 բժշկական մահճակալ, նաև համակարգչային ու այլ տեխնիկա մատակարարել կենտրոնին:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին և նրանց, ովքեր օգնել են այս ծրագիրն իրականություն դարձնելուն: Համոզված եմ, որ մոտ ապագայում այս ծրագիրն ամբողջությամբ կավարտվի և հիանալի արդյունք կունենանք:

Քորանթեն Քլերկ , «SOS Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար

Շատ ուրախ ենք, որ կարողացանք մասնակից դառնալ և օգնել իրագործելու այս ծրագիրը «Ազնավուր» հիմնադրամի հետ միասին: Եթե «Ազնավուր» հիմնադրամը մեծ ճանաչում ունի հայկական միջավայրում, ապա մեզ այնքան էլ լավ չեն ճանաչում: «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպությունն աշխատում է 8 երկրում՝ Արևելքի քրիստոնիաների հետ միասին:

Մեր մշտական առաքելությունը Հայաստանում սկսել ենք 2020-ին, երբ պատերազմն ընթացքի մեջ էր: Այս ծրագիրը, որի մասին մեզ տեղեկացրեց Քրիստինա Ազնավուրը, շատ կարևոր թվաց երկու պատճառով: Առաջին հերթին մեզ համար շատ կարևոր էր, որ բուժառուներն արժանապատիվ պայմաններում բուժվեն: Երկրորդը, որ «Ազնավուր» հիմնադրամի հետ աշխատանքը մեզ թույլ տվեց ավելի ամրապնդել Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերը:

Մեզ համար շատ կարևոր է նաև մի փոքր ֆրանսիական բարեկամություն և ընկերություն բերել ու ներմուծել Հայաստան:

Շնորհակալ ենք առողջապահյության նախարարին այն ամենի համար, ինչ նա անում է այս կենտրոնի համար, նաև պարոն տնօրենին, որովհետև բազմիցս հնարավորություն ենք ունեցել համոզվելու, թե ամբողջ աշխատանքի ընթացքում նա որքան էր անհանգստանում և որքան ջանքեր է գործադրել, որ այս ամենն իրականություն դառնա:

Բնականաբար, շնորհակալություն եմ հայտնում նաև Քրիստինա Ազնավուրին և Նիկոլա Ազնավուրին, առանց որոնց այս ամենն անհնար կլիներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն