Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | Անաշխատունակ-անգործունակ Ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան

Անաշխատունակ

Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքներն անձը չի կարողանում կիրառել:

Անաշխատունակություն հասկացությունը կիրառվում է բժշկագիտության բոլոր, մասնավորապես, հոգեբուժության բնագավառում: Ցանկացած վիրահատությունից, թերապևտիկ հիվանդությունից հետո որոշ ժամանակ անձն լինում է անաշխատունակ: Օրինակ, թոքաբորբով հիվանդացած կամ կոտրվածք ստացած անձը որոշ ժամանակ կարիք ունի վերականգնելու իր աշխատանքային կարողությունները:

Քրոնիկ ընթացք ունեցող հիվանդությունները նույնպես բերում են անաշխատունակության, որի դեպքում նույնպես բժշկա-սոցիալական օգնությամբ անձը տարին մեկ անգամ հետազոտվում և վերահսկվում է, ապա վերահաստատվում կամ հերքվում է նրա աշխատանքային կարողությունները, ինչի հիմա վրա էլ սահմանվում է հաշմանդամության խումբը կամ դադարեցվում է: Որոշ ժամանակ անց (7 կամ 10 տարի) անաշխատունակությունը կրում է հիմնական բնույթ, և ժամկետը վերանայման ենթակա չէ:

Հոգեբուժության ոլորտում դա հաճախ վերաբերում է շիզոֆրենիա հիվանդությանը։ Սկզբնական շրջանում տարին մեկ անգամ կատարվում է փորձաքննություն՝ ստուգելու անձի աշխատանքային կարողության վիճակը, իսկ 7-10 տարի անց վերջնականապես որոշվում է՝ աշխատունակությունը կվերականգնվի՞, թե՝ ոչ, կարիք կա՞ հետագա ստուգման, թե՞ անժամկետ անաշխատունակ է: Շիզոֆրենիայով հիվանդների մոտ տարիների ընթացքում աշխատունակությունը վատանում է, ինչը դիտվում է նաև մտավոր հետամնացության և էպիլեպսիայի ժամանակ: Մտավոր հետամնացության դեպքում մանկական տարիքից հաշմանդամություն է սահմանվում, քանի որ ի սկզբանե անաշխատունակությունն ակնհայտ է: 18 տարեկանում մեկ անգամ ևս վերջնական որոշվում է հաշմանդամության խումբը՝ երկրորդ, երրորդ կամ՝ առաջին: Սովորաբար, առաջին խմբի հաշմանդամներն ընդհանրապես ունակ չեն աշխատելու, ինքնուրույն որևէ գործողություն կատարելու, չեն կարող իրենց սպասարկել, այդ պատճառով ախտորոշման պահից սահմանվում է անժամկետ հաշմանդամություն:  

Անաշխատունակ անձը ներառվում է հաշմանդամության խումբ՝ իր հիվանդության վիճակին և աշխատունակության կորստին համապատասխան, նշանակվում է թոշակ՝ ֆինանսական աջակցություն: Եթե անձը թոշակային տարիքում է, ստանում է կամ կենսաթոշակը, կամ հաշմանդամության համար նախատեսված գումարը:

Անգործունակ

Եթե անձն անգործունակ է, ապա նա չի կարողանում հաշիվ տալ իր գործողություններին, ղեկավարել դրանք, ընդունակ չէ գիտակցել որոշ գործողությունների հետևանքները, չի կարող խորը վերլուծել դրանց իմաստը, զգալ պատասխանատվության, վտանգների առկայությունը:
Սա իրավաբանական հասկացողություն է և կիրառվում է միայն հոգեբուժական ոլորտում, սակայն կան բացառություններ, երբ բժշկագիտության այլ ոլորտներում գործունակ լինելու հարցը նույնպես կարևորվում է:

Այդպիսի անձանց համար վտանգավոր են լուրջ, օրինակ, ֆինանսական գործարքներ կատարելը: Երբեմն անձի անգործունակ լինելը դիտարկվում է ոչ միայն այդ պահին, այլ նաև, թե նախկինում որքանով է գործունակ եղել և գիտակցել իր արարքը, քանի որ, երբեմն, նման անձին կարող են համոզել որևէ գործարք ստորագրել: Նման երևույթ կարող է հանդիպել՝ կապված աղանդավորական կազմակերպությունների գործունեության հետ, երբ անձը, հոգեկան խնդիրներ ունենալով, իր բնակարանը գրանցում է կազմակերպությանը՝ կացության իրավունքից զրկելով իր ընտանիքին և հարազատներին: Նման երևույթ կարող է հանդիպել կապված սեփականություն հանդիսացող գույքի օտարման հետ; Հոգեկան հիվանդություն ունեցող անձը լինելով անգործունակ իր բնակարանը կամ այլ անշարժ կամ շարժական գույքը գրանցում է այլ անձին՝ օտարելով այն, զրկվելով գույքի տիրապետման հետագա իրավունքից, ինչը կարող է լրջագույնսոցիալական խնդիրներ առաջացնել իր և իր ընտանիքի անդամների համար։

Եթե անձն անգործունակ է, նա, սովորաբար, գտնվում է կամ հիվանդության սուր փուլում, կամ անընդմեջ ընթացող սրացման վիճակում, կամ հիվանդության ելքային փուլում, երբ տուժում է և՛ մտածողությունը, և՛ դատողությունը, և՛ հուզական-կամային ոլորտը: Այդ վիճակում նրանք չեն կարող կոնկրետ երևույթին ճիշտ վերաբերվել, տրամաբանել, վերլուծել կատարած գործարքի հնարավոր հետևանքները:

Անգործունակ ճանաչված անձանց պետության կողմից տրամադրվում է խնամակալ, ով ստանում է նշանակված գումարը: Խնամակալ կարող են լինել անհատը կամ պետությունը: Լինում են դեպքեր, երբ անձը ճանաչվում է անգործունակ, սակայն խնամակալ չի տրամադրվում: Օրինակ, եթե նա հիվանդանոցում է, փաստացի գտնվում է հիվանդանոցի խնամքի տակ։ Եթե խնամակալը երկրից դուրս է, հիվանդն իր քարտով կարող է ստանալ իր գումարը, բայց հաճախ այդ հարցը մնում է խնամակալի բարեխղճության հույսին:

Անհրաժեշտ է հստակ տարբերել խնամքը խնամակալությունից, դրանք լիովին տարբեր իմաստներ ունեցող հասկացություններ են։

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն